ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

«Պետք լինի՝ ում ասես կարող ենք դաս տալ»

«Պետք լինի՝ ում ասես կարող ենք դաս տալ»
02.12.2016 | 00:45

«Բոլորին լավ հայտնի է, որ վերջին տարիներին մենք բախվեցինք արտաքին ճնշման փորձերի»՝ ՌԴ Դաշնային ժողովին և Դաշնային խորհրդին ուղղված իր ամենամյա ուղերձում դեկտեմբերի 1-ին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ուղերձի 17 էջերից ընդամենը վերջին երկուսը նվիրելով արտաքին քաղաքականությանը: Նա արձանագրեց, որ պայքարի բոլոր միջոցները օգտագործվեցին՝ ռուսական ագրեսիա, քարոզչություն, միջամտություն այլ երկրի ընտրություններին, մարզիկների նկատմամբ հալածանք, բայց պատվիրված տեղեկատվական արշավները, կոմպրոմատները, ուսուցողական քարոզները բոլորին արդեն հոգնեցրել են՝ «Պետք լինի, մենք ում ասես կարող ենք դաս տալ»:

ՌԴ նախագահը հայտարարեց, որ Ռուսաստանը հասկանում է իր պատասխանատվությունը և պատրաստ է միջազգային ու տարածաշրջանային խնդիրների լուծմանը, եթե իր մասնակցությունը տեղին ու անհրաժեշտ է, պահանջարկված: Ռուսաստանը դիմակայություն չի ուզում, երբեք չի որոնել ու չի որոնում թշնամիներ, նրան բարեկամներ են պետք, բայց թույլ չի տա իր շահերը ոտնահարել. «Մենք ուզում ենք և ինքնուրույն ենք տնօրինելու մեր ճակատագիրը, կառուցելու մեր ներկան ու ապագան՝ առանց օտարների հուշարարության և խորհուրդների»: Անվտանգության և բոլոր երկրների հավասար զարգացման կողմնակից ՌԴ նախագահը հիշատակեց որ կազմակերպություններում է ՌԴ-ն տեսնում իրեն՝ ՄԱԿ, G 20, ԱՍԻԱՆ, ՀԱՊԿ, ԲՌԻԿՍ, ՇՀԿ, ԵԱՏՄ: Նա հատկապես շեշտեց Մեծ եվրասիական գործընկերության բազմամակարդակ գործընկերության ձևավորման կարևորությունը, որի մասին կարող է բանակցել և ԵՄ-ի հետ: Հետո խոսեց Չինաստանի հետ համագործակցության կարևորության մասին ու Չինաստանի մեծ հաջողությունների, հիշեց Հնդկաստանին, Ճապոնիային և միայն հետո ԱՄՆ-ին՝ նշելով, որ ՌԴ-ի ու ԱՄՆ-ի գործակցությունը գլոբալ ու լոկալ խնդիրներում բոլորի շահերից է բխում: Ռազմավարական հավասարակշռությունը խախտելու փորձերը ՌԴ նախագահն անվանեց վտանգավոր ճանապարհ դեպ գլոբալ աղետ: Ասաց, որ կցանկանար ԱՄՆ-ի հետ համատեղ պայքարել միջազգային ահաբեկչության դեմ: Հավարտ ուղերձի վստահություն հայտնեց, որ բոլոր դժվարությունները հաղթահարելով՝ հիմքեր են ստեղծել հետագա առաջընթացին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Իսկ ուղերձի 15 էջերը նվիրված էին Ռուսաստանին, որտեղ ամեն ինչ լավ է՝ ծնելության աճ կա, ավելի, քան Եվրոպայում, տնտեսությունը զարգանում է՝ հակառակ մանր-մունր դժվարությունների, կոռուպցիայի դեմ պայքարը շարունակվում է, ուշադրության կենտրոնում է մարդը իր խնդիրներով: Նրան լսում էին երկյուղած ուշադրությամբ, ոմանք գրի էին առնում, ոմանք Կրեմլում լինելու հուզմունքից նիրհում էին:

Դիտվել է՝ 1890

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ